Հայ Ժողովրդական Վարպետներ
Լալա Մնեյան
ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյան
Գործվածքների տարբեր ուղղությունների ՀՀ ժողովրդական վարպետ, ունի երկարամյա մանկավարժական եւ հասարակական աշխատանքի փորձ , մշակել է արհեստների դասավանդման ինտերակտիվ նորարական հեղինակային մեթոդ։
Մասնագիտությամբ բանասեր - թարգմանիչ - մանկավարժ, սակայն հետագայում անսալով սրտի ձայնին անցել է կիրառական արվեստի ոլորտ։
Նախորդ մասնագիտությունը շատ է օգնել, քանի որ բացի ստեղծագործելուց վարպետին հետաքրքիր է նաեւ տեսական ոլորտը` ավանդույթների հայտնաբերման, ինքնության բաղադրիչների վերհանման, տոների, ծեսերի ու զարդանախշերի աշխարհը։
Շատ է կարեւորում կորսված արհեստների վերականգնումը։
Ցողիկ Ոսկանյան
Ժողովրդական վարպետ Ցողիկ Ոսկանյան
Մանկավարժ, թաղիքագործ, «Ցողեր» արվեստի կենտրոնի հիմնադիր Ցողիկ Ոսկանյանը աշխատում է «Հայ ասպետ» դպրոցում։
Նա ձեռարվեստի ուսուցիչ է և սաներին փոխանցում է ձեռքի աշխատանքի հետ կապված այն բոլոր հմտությունները, որոնց տիրապետում է։ Դպրոցում գործող «Ցողեր» արվեստի կենտրոնում էլ երեխաները սովորում են թաղիքագործություն, նկարչություն, կավագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն և այլն։
Իր ճանապարհը դեպի թաղիքագործություն սկսվել է 2017-ից։ Մինչ այդ նա թաղիքին ընդհանրապես չի առնչվել, անգամ չի իմացել՝ բրդից ինչ կարելի է ստանալ։ Վեց տարի առաջ թաղիքագործության աշխարհ մտնելու հաստատուն որոշում է կայացնում դառնալով ոլորտում լավագույններից մեկը։
Ալլա Սարգսյանը
Հայաստանի ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանը
Աշխատելով բուրդ, բամբակ, մետաղալար և այլ նյութերով, վարպետը ստեղծում է եռաչափ կերպարների և նրանց պատմությունների քանդակային աշխարհը։
Ուսումնասիրելով, հեքիաթներն ու լեգենդները, ընդգծելով հերոսների տրամադրությունն ու բնավորությունը, նուրբ հումորով տիկին Ալլան հեռուստադիտողին հրավիրում է յուրաքանչյուր ստեղծագործության շուրջ պատկերացնել և ստեղծել սեփական անիմացիոն պատմությունները:
Տիկին Ալլան մասնակցում է նաեւ միջազգային փառատոների և ցուցահանդեսների և հյուրերի համար վարպետության դասեր է անցկացնում իր ստուդիայում կերպարներ ստեղծելու վերաբերյալ։